Սանահինի վանքում կիրառվել է անասթիլոզի մեթոդը
Սանահինի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում», հաճախ է հայտնվում քաղաքացիների ուշադրության կենտրոնում՝ այնտեղ հայտնաբերված «ոչ մշակութային լուծումների» պատճառով։ 2012 թվականից համալիրում ընթանում են շինարարակական աշխատանքներ, սակայն պարբերաբար խնդիրներ են վեր հանվում։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգում է՝ Սանահինի վանքում պատերի տառագիր սալիկներն ընկել են ու դրանց փոխարեն դրված են սովորական սալիկներ, վանքի տարածքում, եկեղեցուց 5 մետր հեռու, ինչ- որ ընտանեկան գերեզման է, մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ վանքի հետնամաում գտնվող արքաների գերեզմանը մատնված է անտերության, ծածկված է փշով։ Մի քանի հարցով Panorama.am-ը դիմեց մշակույթի նախարարություն, մասնավորապես՝ արդյո՞ք մշակույթի նախարարությունը տեղյակ է ներկայացված խնդիրներից։ Եթե այո՝ որևէ քայլ նախաձեռնե՞լ է կամ ծրագրե՞լ է, եթե ոչ՝ արդյո՞ք առաջիկայում որևէ քայլ կձեռնարկվի։ Արդյո՞ք այդ գերեզմանը եկեղեցու պահպանական գոտու մեջ է։ Եթե այո՝ ինչպե՞ս է թույլատրվել։ Վանական համալիրի վերանորոգման և ամրակայման աշխատանքները ո՞ր փուլում են։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից Panorama.am-ին պատասխանել են, որ Սանահինի վանքի պատերի տառագիր սալիկների վերականգնումը հնարավոր չի եղել դրանց միատեղման միջոցով արձանագրության բովանդակային կապը ստանալու պատճառով և համաշխարհային պրակտիկայում կիրառելի անասթիլոզի մեթոդի կիրառմամբ պատի շարում տեղադրվել են սովորական սալիկներ։
Ինչ վերաբերում է եկեղեցուն մոտ գերեզմանին, հայտնում են. «Սանահինի վանական համալիրը ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 5-ի N 98 որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը, ինչը պարտավորեցնում է վանական համալիրի հոգևոր ղեկավարներին ապահովել վանքի տարածքի անաղարտ և անխաթար պահպանությունը: Այդուհանդերձ, հուշարձանի տարածքում կատարված թաղումները սեփականատիրոջ կողմից չեն կանխվել:
ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թ. պարզելով հուշարձանի տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ-տապանատան (վանական համալիրի տարածքում արքաների գերեզման գոյություն չունի) մոտ կատարված նոր հուղարկավորության փաստը, դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն թաղումը կատարած անձին պատասխանատվության ենթարկելու և գերեզմանը հուշարձանի տարածքից տեղափոխելու վարույթ իրականացնելու խնդրանքով: Հուշարձանի տարածքից ապօրինի գերեզմանը հեռացնելու համար միջոցառումներ իրականացնելու պահանջով դիմել ենք նաև ՀՀ Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի քննության ժամանակ հաստատվել է քաղաքացու կողմից անօրիանական հուղարկավորության փաստը և 2018 թվականին Լոռու մարզի դատարանի որոշմամբ անձը հուշարձանին պատճառած վնասի համար ենթարկվել է դրամական խոշոր չափի տույժի:
Ներկայում նախարարությունը միջոցներ է ձեռնարկում ապօրինի նորակառույց գերեզմանը դամբարան-մատուռ-տապանատնից տեղափոխելու ուղղությամբ»:
Սանահինի վանական համալիրի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են 2011թ., որով հիմանականում նախատեսված է համալիրի ծածկասալերի փոխարինման-նորոգման, պատերից բացակայող և վնասված քարերի վերականգնման, վթարավտանգ հատվածների ամրակայման ինչպես նաև տարածքի ջրահեռացման՝ դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ: Վանական համալիրի տարածքում վերականգնման աշխատանքները սկսվել են 2012 թ. և շարունակվում են մինչ օրս: Շինարարական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 180 մլն. դրամ (յուրաքանչյուր տարի տրամադրվել է միջինը 20 մլն. դրամ): Ներկայումս ընթանում են համալիրի գլխավոր եկեղեցու՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Արևիկ Գևորգյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Նոր քարեր՝ Սանահինի Սբ. Աստվածածին եկեղեցում (լուսանկար)
- Սանահինի վանական համալիրում հսկողություն չի եղել… «Եկեղեցին քայքայվում է»
- «Արևիկ, կարող ես գրել` այստեղ եղել է Արևիկը…». Վարչապետը` փոխնախարարին...ի՞նչ է արվել Սանահինում, ինչպե՞ս փրկել հուշարձանը
- Սանահինի վանական համալիրի շինությունների վերականգնման-ամրակայման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում
- Մշակույթի նախարարություն. Նախատեսված ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ Սանահինի եկեղեցու վրա բուսաճի վերացմանը
- Սանահինի վանքի տարածքում տեղադրվեցին բացօթյա բազմալեզու տեղեկատվական վահանակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան