Աբովյանի տուն-թանգարանում կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը
Մայիսի 31-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Լուսե ուղենիշ» խորագրով միջոցառումը. պարոն Ապովի հյուրընկալ տունը հանրության առջև դարձյալ կբացի իր դռները: Տնօրհնեքի արարողությամբ կվերագործարկվի 18-րդ դարի տոհմատան թոնիրը, կծխա երդիկը: Ծրագրում լինելու է ազգային երգ ու պար, ավանդական պարերի վարպետության դաս, էթնիկ ռոք և ջազ երաժշտություն: Ելույթ կունենան Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «ԹմբաԹա» խումբը, «Արեգ» ավանդական երգի ու պարի համույթը:
Մուտքն ազատ է:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան տնօրենի Սյուզաննա Խոջամիրյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս միջոցառմամբ մեկնարկելու է իրենց նոր քաղաքականությունը, որի նպատակն է նմանատիպ միջոցառումներով ավելի լայն կապեր հաստատել հանրության տարբեր խմբերի, տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց հետ։
«Թոնրի վերագործարկումը հետաքրքիր միտք է. Աբովյանի պապենական տունը նորից վերակենդանացնել, վերականգնել Աբովյանի հյուրընկալ տան ավանդույթը։ Աբովյանի ձեռագրերում, նկարագրություններում նշված է, թե որքան հյուրընկալ էր այդ օջախը, փորձելու ենք վերականգնել հենց այդ ավանդույթը»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը։
Նրա խոսքով, Աբովյանի տուն-թանգարանի հիմնական այցելուները դպրոցանականներն են, հիմա փորձում են այլ քաղաքանություն մշակել։ Տնօրենն ասաց, որ կրթական ծրագրերը, որոնք թանգարանի անբաժանելի առօրյան են, փորձում են դուրս գալ զբոսաշրջային շուկա։
«Մշակում ենք ծրագրերի փաթեթ, որն ուղղված կլինի հենց զբոսաշրջության զարգացմանը, նաև մշակութային, պահպանության ծրագրեր։ Երբ պատրաստ լինի, կներկայացնենք այդ փաթեթը։ Այսինքն ներդրողներն իրենք կկարողանան ընտրել, թե որ ծրագրի համար են ուզում ներդրում անել»,- նշեց Ս.Խոջամիրյանը։
Կփորձեն թանգարանում կազմակերպել փառատոներ, վարպետության դասեր, դասախոսություններ, երաժշտական երեկոներ։ Այս ամենի նպատակը, թանգարանի տնօրենի խոսքով, մշակութային օջախում միշտ աշխույժ կյանք ապահովելն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան