Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերի
Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե’ն այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կառուցվող նոր շենքի շինհրապարակ և ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Վրաստանի ֆեյսբուքյան էջից։
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որին պատկանող «Քարթու» հիմնադրամը հանձն է առել հայկական թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։ Ըստ քաղաքապետի, «Քարթու հիմնադրամն» արդեն ֆինանսավորել է 900 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, իսկ առհասարակ բարեգործության համար ծախսել է շուրջ 3 միլիարդ լարի (1.08 միլիարդ դոլար)։
Հայկական թատրոնի շենքի հետ կապված նախ որոշվել էր վերանորոգում իրականացնել, սակայն շինարարական աշխատանքների մեկարկից հետո պարզվել էր, որ վերանորոգումն անհնար է՝ շենքի ծայրահեղ վատ վիճակում լինելու պատճառով։ Դրանից հետո որոշվել էր հին շենքը քանդել և նորը կառուցել։
Հայկական թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի 2020 թ․ դեկտեմբերին, կունենա 6403 ք/մ տարածք, և 607 հանդիսականի համար նախատեսված դահլիճ։ Նախագծի արժեքը կազմում է 18 միլիոն լարի։
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում: Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը: Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը:
1918-1920 թվականները թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը։ 1936 թվականի մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում:
1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի Պ. Ադամյանի թատրոնը նոր շենք կունենա
- Սկսվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը
- Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը սկսվում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան