Լեհ հնագետը զարմացած է Մեծամորի բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև կնքված համաձայնագիրը տևական ժամանակ է գործնական փուլ է թևակոխել: Համաձայնագրով նախատեսված է փորձի փոխանակում, կադրերի վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: Հերթականը՝ լեհ գործընկերոջ այցն է:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հնագետ Մատեուշ Իսկրան առաջին անգամ Հայաստան է եկել 2012 թ., երբ դեռ ուսանող էր: Արդեն 2013-ին Ուրարտուի հնագիտական ժառանգությամբ հետաքրքրվող հնագետը Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող հայ-լեհական արշավախմբի կազմում էր: Նա ասել է, որ սկզբում Հայաստանի ու Մեծամորի մասին շատ բան չգիտեր, հետո սկսել է ուսումնասիրել, արդեն գիտի նաև մի քանի հայերեն բառ։
Այս օրերին Հայաստանում է իր թեկնածուական թեզի նախապատրաստական աշխատանքների համար: Թեման՝ Արարատյան դաշտավայրի մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջի և մ.թ.ա. 1-ին հազարմյակի կեսի հուշարձանները, նյութական ու հոգևոր մշակույթն է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում է աշխատում: Ուսումնասիրում է, չափագրում ու լուսանկարում ՊՈԱԿ-ի ֆոնդերում գտնվող հնագիտական նյութերը՝ սափոր, կճուճ, խեցեղեն: Նախատեսում է այցելել նաև ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող հուշարձանների տարածքներ:
«Սիրում եմ երկաթի դարաշրջանը և մերձավոր արևելյան հնագիտությունը: Հայ-լեհական արդեն 7 տարվա համագործակցությունը լավ արդյունքներ է տվել, համոզված եմ այդ գործակցությունը շարունակական է լինելու», -ասում է լեհ հնագետը:
Վերադառնալով Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող պեղումներին՝ Մ. Իսկրան նշում է, որ զարմացած ու հիացած է բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով:
«Համոզված եմ, որ հետաքրքիր արդյունքներ կունենանք անընդհատ իրականացվող պեղումների արդյունքում։ Այդ բացահայտումները առաջին հերթին շատ կարևոր են Անդրկովկասի հնագիտության համար: Մեծամորը 2-րդ հազ. 2-րդ կեսի ու 1-ին հազ.-ի ամենակարևոր հուշարձաններից է: Պեղումների ընթացքում բացահայտում ենք այն իրադարձությունները, զարգացումները, որոնք տեղի են ունեցել նշված ժամանակահատվածում այդ տարածաշրջանում», – ասում է արշավախմբի անդամը:
Նրա խոսքով, նախորդ տարի պեղումներ են իրականացվել քաղաքային թաղամասում: Շինությունների հետքեր են բացվել և հնագետները փորձում են հասկանալ՝ ինչ կառույցներ են, որ ժանամակաշրջանով են թվագրվում և ում են պատկանել: Պեղումները նպատակ ունեն հայտնաբերելու և ուսումնասիրելու պատմական տարբեր ժամանակների՝ վաղ միջնադար, անտիկ, ուրարատական, ուշ և վաղ բրոնզի դարաշրջաններում ստեղծված նյութական մշակույթի գտածոները:
Մի քանի օրից Մատեուշ Իսկրան կմեկնի՝ թեկնածուական թեզի աշխատանքները ավարտելու համար: Իսկ արդեն ամռան վերջին կրկին կվերադառնա՝ Մեծամորի հնագիտական արշավախմբի կազմում աշխատելու համար:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում
- Ցուցադրվելու են «Մեծամոր»-ի կարասները
- Լեհերը կշարունակեն պեղումները Մեծամորում
- Մեծամորի պեղումներին նվիրված գիտաժողով կանցկացվի
- Մեծամոր հնավայրում հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել
- Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան