Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի։ Թատրոնի կոլեկտիվի մայիսի 27-ին ժողով է հրավիրել։
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին ժամը 14:00-ին տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,- նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ն. Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախարարի որոշումից դժգոհ օպեային թատրոնի անձնակազմը բողոքի ակցիաներ է իրականացնել, նրանց ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը և Ն. Ղարիբյանի «Հարրի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը։
Հարակից հրապարակումներ`
- Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
- Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան
- Նազենի Ղարիբյանի նոր պաշտոնը
- Կոնստանտին Օրբելյանի «հարցով»
- «Օրբելյանի հարցի» պատասխանին սպասելիս
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան