Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան
Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան։ Հունիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը: Panorama.am-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնեցին, որ ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արաներ, զուգերգեր:
Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները: Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ: Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումն, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարի լավագույն թատրոններում»:
Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք: