Հույս ունեմ՝ հետագա հայտարարություններում պարոն Ազարյանը կհիշի դատավորի էթիկայի մասին. Մխիթար Հայրապետյան
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցն է։
«Քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ ընկալելի չեն լինում և հրաժարականի դիմում են ներկայացնում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է դրա մասը դառնա։ Ես իմ խոսքում չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովհետև վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնք ինձ հնարավորություն չեն տալիս չխոսելու այդ մասին։ Նախ, մեկ շաբաթ առաջ պարոն Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հրաժարականի դիմում կներկայացնի երկու դեպքում։ Առաջինը վերաբերում էր նրան, եթե վարչապետը հարաժարական ներկայացնի։ Համացանցում սկսեցին շատ խոսել դատավորի էթիկայի մասին, և չէր հասցրել շատ ժամանակ անցել, երբ «Նյուզ. էյ էմ»-ին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց, որ ԱԺ-ում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը, ըստ էության, նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին, նաև՝ ինձ», - նշեց բանախոսը։
Հայրապետյանը նշեց, որ դատավորը կարող է չկասկածել՝ ինքը կարող էր առնվազն նույն ոճով պատասխանել, բայց զերծ կմնա այդ դաշտ տեղափոխվելուց. «Հույս ունեմ, որ հետագա հայտարարություններում, թե պարոն Ազարյանը, թե մյուս դատավորները, կհիշեն դատավորի էթիկայի մաիսն, որ նման հայտարարություններն անարգանք են ոչ թե առանձին պատգամավորների, այլ՝ խորհրդարանի նկատմամբ»։
Նշենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1-ի եթերում հայտարարել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։
ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ գրագողության հարցը նոր չէ, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել. «Շահարկվեց տարբեր կերպ նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիսերտացիոն թեման։ Եթե բոլորս համոզված ենք, որ այդ աշխատանքը գրվել է այլ մարդու կողմից, բայց դրա մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվում, չենք կարող մարդուն մեղադրանք ներկայացնել։ Սա մեկ այլ խոսակցության թեմա է։ Գրվել են դիսերտացիաներ՝ ուրիշ մարդկանց կողմից, գումարի դիմաց՝ այլ անձանց համար։ Սա հատկապես բնորոշ էր նախորդ համակարգին, երբ մարդիկ, ամեն ինչ ունենալուց բացի, փորձում էին իրենց հարսի կամ տղայի համար դիսերտացիա նվիրել ծնունդին կամ հարսանիքին։ Դա կոչումների ատրիբուտ էր, արատդիր երևույթ»։
Նա հույս հայտնեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն կանի ամեն ինչ՝ պատժելու գրագողությունը։
Նիստին ներկա ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն էլ հավելեց, որ մեկ տարին դեռ չի լրացել, ինչ այս պաշտոնին է և ինչքան էլ փորձել են ոստիկանական կեցվածքից անցնել կառուցողական, համագործակցող կեցվածքի, վերջին շաբաթվա զարգացումները իրենց բերում են ոստիկանական կեցվածքի։
«Նախ ուզում եմ նշել, որ գիտությունն ու քաղաքականությունը պետք է լրիվ տարանջատված լինեն իրարից։ Գիտական գործունեությունը չպետք է ասոցացվի քաղաքական գործունեության հետ։ Աղմուկն այս պրոցեսի շուրջ շատ է լինելու, բայց պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտ ուղի գտնել՝ համակարգն ուղղելու։
Ես բարձրաձայնել եմ տարբեր բնագավառներ, որտեղ կան արտագրությունների դեպքեր. դրանք են՝ մանկավարժությունը, տնտեսագիտությունը, հոգեբանությունը, ռոմանոգերմանական լեզուները, որտեղ ատենախոսությունները գրվում են հայերեն։ Անգլերենի վերաբերյալ ատենախոսությունը գրում են հայերեն», - ասաց բանախոսը՝ շեշտելով, որ իր ատենախոսությունն ինքը գրել է անգլերենով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան