Ոստիկանությունը՝ Para TV-ի աշխատակցի դանակահարության մասին
«Para TV» լրատվական կայքի աշխատակիցը դանակահարվել է կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Նման հայտարարություն է տարածել ոստիկանությունը՝ արձագանքելով տարածված լուրերին, ըստ որոնց միջադեպը տեղի է ունեցել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ։
Իրավապահ մարմինը մանրամասնում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։
Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին' պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։
Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։
Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։
Ավելի վաղ Para TV-ն հայտարարություն էր տարածել՝ հաստատելով, աշխատակցի վնասվածք լինելու փաստը, նշել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։