Ռշտունի. Երևի մարդիկ կան, որ ես նրանց խանգարում եմ
«Եթե մեր ուժային կառույցներն ունեն որոշակի ինֆորմացիա Ռոբերտ Քոչարյանի գործով իմ շահագրգռվածության վերաբերյալ, գործի վրա ազդելու վերաբերյալ, կարող են գործ հարուցել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ մեկնաբանելով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից հետո տարածված տեղեկությունը։
Նա շտապում էր մասնակցելու դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին։
Հիշեցնենք, որ ըստ դրա, դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և դատավորներ Մխիթար Պապոյանն ու Արշակ Վարդանյանը։
Ռշտունին ասաց, գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին ճանաչում է որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունի նրա հետ, թե միջնորդավորված, թե առանց միջնորդի, ուղղակի կամ անուղղակի կապի մեջ չի եղել այդ դատավորի հետ։
«Միգուցե, թե համակարգում, թե համակարգից դուրս, երևի մարդիկ կան, որ ես նրանց խանգարում եմ։ Չեմ կարող ասել, թե ինչպես եմ խանգարում»,-հայտարարեց Ռշտունին՝ պատասխանելով հարցին, թե ինչու է իր անունը շրջանառվում։
Դատարանի նախագահից հետաքրքրվեցին նաև վեթինգի մասին, ասաց, յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք, իսկ ինքը իր գործունեության ընթացքում թաքցնելու ոչինչ չունի, ունեցվածքը հայտարարագրված է, հիշեցրեց, որ իր ընտանիքն՝ մասնավորապես հայրը դեռ վաղուց զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
«Դրա արդյունքում մեր ընտանիքն ունի կարողություններ, բոլորը դրա մասին գիտեն, ոչ քողարկված գույք ունենք, ոչ էլ ինչ-որ մեկի անունով գրանցված։ Ասեմ ավելին, ես իմ գործունեությունը երբեք չեմ օգտագործել իմ ընտանիքի համար որևէ նյութական արժեք կամ օգուտ ձեռք բերելու համար, նույնիսկ իմ ընտանիքն ունի կարողություն անշարժ գույքի տեսքով, որը 4-5 տարի է՝ չի կարողանում վարձակալության հանձնել։ Եթե իմ կապերն օգտագործեի, շատ ավելի հեշտ կլիներ այն վարձով հանձնել»,-ասաց նա։
Ռշտունու կարծիքով, եթե տվյալներ լինեին դատավոր աշխատելու ընթացքում իր օգուտների մասին, ապա դրանք արդեն հրապարակված կլինեին ու հիմք կդանային, որ ինքն այլևս դատավոր չաշխատեր։
Վերջում նա նկատեց, արդեն հինգ տարի է, որ հայրը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։
Հարցին, թե որ դեպքում հրաժարական կտա դատավորը, Ռշտունին պատասխանեց, երբ հասկանա, որ իր աշխատանքը չի կարողանում կատարել, հասկանա, որ իր նկատմամբ հանրային ու իրավաբանական համայնքի վստահություն չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին