Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
«Վերջին տասը տարիների ընթացքում Սյունիքի մարզը մեզ համար միշտ եղել է կարևոր ֆունդամենտալ զարգացման տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ մարզային զարգացման մեր ծրագիրը սկսել է հենց Սյունիքից։ Այն միակ մարզն է, որտեղ մենք ունենք երկու մասնաճյուղ»,-ասաց «Ամերիաբանկ» ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն՝ ելույթ ունենալով Տաթևում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում։
Նա նշեց, որ անցած տարիներին բանկը ֆինանսավորել է ռազմավարական ծրագրեր, իսկ վերջին 3-4 տարիներին հատկապես շեշտը դրել են փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերի վրա։
«Այստեղ մենք հանդիպել ենք բավականին մեծաթիվ խենթ, համարձակ մարդկանց։ Վստահեցնում եմ, որ Սյունիքի գործարարներն ունեն ապագային նայելու համարձակություն»,-նշեց ընկերության ղեկավարը։
Նա մի քանի թիվ հրապարակեց.
Բանկը ֆինանսավորել է 183 մլրդ դրամի կամ ավելի քան 50 մլն դոլարի ծրագրեր, որանց մեծ մասը՝ մոտ 140 մլրդ դրամն ուղղված է բիզնեսի զարգացմանը։
ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ, որ շեշտադրում են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, 13 մլրդ դրամի ծրագրեր են իրականացրել։
Սյունիքի մարզի կտրվածքով ներկայիս ֆինանսական պորտֆելն ամենամեծերից մեկն է Հայաստանում, առկա է 73 մլրդ դրամի վարկային պորտֆել, որից 67 մլրդ դրամն ուղղված է բիզնեսին, մնացածը՝ ֆիզիկական անձեր ու փոքր վարկեր։
Սյունիքում բանկի երկու մասնաճյուղն ապահովում է 10 հազար հաճախորդի սպասարկում։
«Իհարկե, ուզում եմ հստակ նշել, որ մեր ապագան հիմնականում ուղղված է այսպես կոչված դիստանցիոն ծառայությունների մատակարարմանը, այս առումով Սյունիքն առանձնանում է, յուրահատուկ է, այն առաջատարն է մեր օնլայն վարկերի հարթակում մոտ 2.5 մլն դրամի վարկ դիստանցիոն կերպով ստացել են Սյունիքի բնակիչները։ Սա աննախադեպ ցուցանիշ է մյուս մարզերի համեմատ։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք պատրաստ ենք ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ Լոռիում անցկացված ֆորումից հետո մարզպետի հետ քննարկել են, վերլուծել ու առանձնացրել են մի շարք ծրագրեր ֆինանսավորելու և իրականացնելու համար։
Նույն ֆորմատով պատրաստվում են քննարկել Սյունիքում անցկացվող ֆորումի ժամանակ ներկայացվելիք ծրագրերը՝ ֆինանսավորելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հիմնվի անհատական ջանքի վրա
- Հունան Պողոսյան. Եկեք Սյունիք, ներդրում արեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան