Տոնոյանը համանախագահների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի կողմից հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումների, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին