Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը. ԲԴԽ-ն գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ավարտվեց դատավորների ընդհանուր ժողովը, որը տևեց վեց ժամից ավելի։ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողներին ներկայացրեց ընդանուր ժողովի կողմից ընդունված հայտարարությունը։
«Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի զարգացման էական նախապայման, սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։
Դատավարների ընդհանուր ժողովը որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությանը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության և դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում։
Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ Հայաստանում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովն ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով, կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից, միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, առաջանորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ ցանկացած առողջ ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները, բայց դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությանը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով. «Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն, և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից»։
«Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը», -նշված է հայտարարությունում։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ասաց, որ այս կոնսենսուսային հայտարարությունն ընդունվել է բավականին երկար քննարկումների, բազմակարծության արդյունքում։
Նա հայտնեց, որ ընդհանուր ժողովը հրավիրվեր էր 62 դատավորի պահանջով։ Ժողովին իրավունք ուներ մասնակցել 229 դատավոր, ներկա է եղել 165 դատավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ռշտունի. Երևի մարդիկ կան, որ ես նրանց խանգարում եմ
- ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին
- Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
- Բողոքի ակցիա ՝ ԲԴԽ դիմաց
- Ամերիկացի աղջնակը փռշտում է մի քանի վայրկյանը մեկ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան