Առաջին Հանրապետության տոնն է
101 տարի առաջ այս օրը՝ 1918 թ-ի մայիսի 28-ին, հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, որը գոյատևել է մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ.,961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան:
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է 543 տարի անց վերականգնել պետականությունը:
«Սարդարապատի, Ղարաքիլիսէի և Բաշ Ապարանի ճակատամարտերուն մէջ իր տարած անօրինակ յաղթանակներով հայ ժողովուրդը տիրացաւ ազատ եւ անկախ ապրելու անփոխարինելի բարիքին։ Այդ ճակատամարտերն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրւեցին դաշինք կնքել հայերի հետ եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը»,-գրել է այդ մարտերի հերոսներից Դրոն:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված է եղել. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Հայաստանի առաջին հանրապետությունն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Ըստ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի՝ Առաջին Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, որը ոչ աշխատանքային օր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան