Հայաստանում Մորուքի փառատոն կանցկացվի
«Երևանի գինու օրերի» կազմակերպիչները հանձն են առել կազմակերպել Հայաստանում առաջին Մորուքի փառատոնը: Կազմակերպիչները հայտնում են, որ վերջինս՝ իր բնույթով լինելով բավական օրիգինալ և հետաքրքիր իրադարձություն` կկոտրի բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոնների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի Հայաստանի գրավչության մակարդակը:
«Այսօր տղամարդկանց մոտ միջազգային մակարդակով նկատվում է մորուք պահելու տենդենց, ինչպես նաև կանանց շրջանակներում՝ մեծ հետաքրքրություն մորուքով տղամարդկանց նկատմամբ: Եվ հենց այս սեգմենտն է, որ անընդհատ փնտրում է նորանոր հետաքրքրություններ, բաց է ցանկացած օրիգինալ, յուրօրինակ միջոցառման համար, ինչպես նաև, որպես սպառող գնողունակ է:
Ֆրանսիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի և վերջերս նույնիսկ Ռուսաստանի պես հարուստ զբոսաշրջային պատմություն ունեցող երկրները՝ հաշվի առնելով վերը նշված տենդենցը, իրադարձային զբոսաշրջության մի մաս են դարձրել Բեղ-Մորուքի փառատոնները, մրցույթները՝ ստեղծելով ասոցիացաներ, հիմնադրամներ, որոնցից ամենահայտնին Բեղ-Մորուքի Համաշխարհային Ասոցիացիան է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս տարի փառատոնն անց է կացվելու Fest Food & Eclectica Music Fest-ի շրջանակներում, որը կազմակերպում է Դոլմամայի հիմնադիր Ժիրայր Ավանյանը և որը տեղի է ունենալու 2019թ․ հունիսի 14-ին, 15-ին և 16-ին Դիլիջանի ռեստորաններից մեկում։