Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքում. Փաշինյան
«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։
«ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:
Ստանիսլավ Զասը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ:
Ստանիսլավ Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը:
Նա նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին