Հայկական պլանշետների արտադրությունը նվազում է, հեռախոսներ էլ չեն արտադրվում
Հայաստանում հայկական պլանշետների արտադրությունը շարունակում է նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 144 հատ պլանշետ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35.7%-ով:
2018թ-ի առաջին եռամսյակում արտադրվել է 224 պլանշետ:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 384 հատ պլանշետ՝ 2017 թվականի համեմատ նվազելով 35.5%-ով:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ Վիճակագրական կոմիտեի, ոչ միայն այս տարվա առաջին եռամսյակում, այլև 2018 թվականին հայկական հեռախոսներ չեն արտադրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, 2017թ-ին Հայաստանում արտադրվել է 1430 բջջային հեռախոս, ինչ 2016 թ-ի համեմատ նվազել է 15%-ով:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել էր 2016թ-ի հունիսից: «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում էր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը: