Նորայր Նորիկյան. Փաստաբանները պետք է ստանձնեն սանիտարի գործառույթը
«Սպասում էի, որ դատավորների ընդհանուր ժողովը հանդես կգար ավելի խորքային ու հիմնավոր վերլուծությամբ՝ դատական իշխանության շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա մտածում էր, որ հենց իրենք՝ դատավորները հանդես կգան համակարգն առողջացնելու կոնկրետ, իրատեսական և ռացիոնալ արդյունք ենթադրող առաջարկություններով՝ հիմնված գործող սահմանադրաիրավական կարգավորումների վրա:
«Ես կարծում եմ, ավելին՝ ոչ մի կասկած չունեմ, որ արդար ու անաչառ դատավորներն ամենից լավ են պատկերացնում համակարգի խնդիրները և ունեն դրանք առողջացնելու հստակ պատկերացումներ։ Նրանք կարող են բեկում մտցնել դատական համակարգում՝ հանդես գալով կոնկրետ, իրատեսական, արդյունավետ առաջարկություններով։ Դրանք կարող են այդ համակարգի առողջացման հիմք դառնալ»,-կարծում է նա։
Բայց կա այն, ինչ կա։ Ավելի քան վեց ժամ տևած հանդիպման արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովը տարածեց այս հայտարարությունը։
«Ուշագրավ է հայտարարության այն հատվածը, որտեղ ժողովն անվստահություն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդին։ Ըստ էության, դատավորների ընդհանուր ժողովը բացահայտ հայտարարտում է, որ այդ մարմինը չի իրականացանում Սահմանդրությամբ իրեն վերապահված պարտականությունները»,-ասաց փաստաբանը։
Նորիկյանը նկատեց՝ դատավորներն էլ ընդունում են, որ համակարգում առկային են խորքային խնդիրները։ Փաստաբանը խնդիրներից առավել մտահոգիչը համարում է հանրային վստահության բացակայությունը։
«Հանրության վստահության ճգնաժամ կա, որը ես դիտարկում եմ որպես ներքին անվտանգության սպառնալիք։ Այն պետք է վերացվի։ Պետք է ձևավորվի դատական այնպիսի համակարգ, որը վայելում է հասարակության վստահությունը և կկարողանա իրապես իրականացնել արդարադատություն»,-ասաց նա։
Դատական համակարգում ցանկացած ռեֆորմ կամ արմատական փոփոխություն, ըստ Panorama.am-ի զրուցակցի, պետք է իրականացվի բացառապես սահմանդրաիրավական կարգավորումների համաձայն և օրենքով։
«Օրենքո´վ, կրկնում եմ։ Այն պետք է հիմնված լինի արդարադատության, օրինականության, իրավական պետության փիլիսոփայության վրա։ Պետք է ուղղակի նեղ մասնագիտական շատ լուրջ վերլուծություն իրականացվի, խորքային խնդիրները վեր հանվեն և գնան դրանց լուծմանը»,-իր պատկերացումները բարեփոխումների մասին հակիրճ ձևակերպեց նա։
Ի՞նչ դեր պետք է ստանձնեն փաստաբաններն այս փուլում։ Նորիկյանը հիշեցնում է՝ փաստաբաններն արդարադատությանը նպաստող մասնագետներ են։
«Եթե պատկերավոր նկարագրեմ, ապա այս պարագայում փաստաբանները պետք է ստանձնեն սանիտարի գործառույթը։ Իրենց հրապարակային գործունեությամբ, իրենց առաջարկություններով, կոնկրետ գործերով վեր հանեն խնդիրները, ինչպես նաև դրանց վերաբերյալ կոշտ, կտրուկ գնահատականներով խնդիր դնեն դատական համակարգի առաջ։ Փաստաբանների դերն այս առումով շատ կարևոր է ու պետք է նրանք իրենց կարգավիճակն օգտագործեն»,-պատասխանեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը. ԲԴԽ-ն գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը
- Ռշտունի. Երևի մարդիկ կան, որ ես նրանց խանգարում եմ
- Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
- Կատեգորիկ արգելվում է հավաքներ դատարանների տարածքում. սահմանադրագետ
- Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է հնարավոր հետևանքների մասին