Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 7 տոկոսով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Ապրիլ ամսվա ՏԱՑ-ն էլ մարտի նկատմամբ նվազել է 0.3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 9.2%:
Ըստ վիճակագրության՝ շինարարության ոլորտում հունվար-ապրիլին աճը կազմել է 8 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 9.8%-ով, ծառայությունների ծավալը՝ (առանց առևտրի) 17 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 1.7%-ով:
Այս տարվա չորս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ 2018թ-ի հունվար-ապրիլի համեմատ աճել է 4,5%-ով։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա այստեղ ծավալները նվազել են 9.2%-ով։
Հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2%-ով նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումը նվազել է 8.6%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.2 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1%-ով: Մասնավորապես, պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է 6.7%-ով, մասնավոր հատվածում՝ 4.8%-ով: