ԱՄԷ-ում ստեղծվել է Արհեստական բանականության նախարարություն
Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվել է Արհեստական բանականության նախարարությունը, որը զբաղվում է միայն այս ոլորտի զարգացմամբ։ Նախարար է նշանակվել Օմար Ալ Ուլաման։
Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից Panorama.am-ին հայտնեցին, այդպիսով ԱՄԷ-ն դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ կա հատուկ արհեստական բանականության նախարար։ ԱՄԷ-ն հույս ունի, որ առաջատար դերակատարություն կունենա արհեստական բանականության հետազոտություններում և կզարգացնի նորարաությունը։
Արհեստական բանականությունը համարվում է արդյունաբերական չորրորդ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, քանի որ այն կիրառվում է բազմաթիվ ոլորտներում՝ ռազմավարություն, արդյունաբերություն, տնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն, կրթություն։ Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Արհեստական Բանականությանը և դրա զարգացմանը՝ մեծ ներդրումներ կատարելով այս ոլորտում։
Ըստ դեսպանատան, արհեստական բանականության արագ զարգացումն ապահովելու համար ԱՄԷ-ն պետական և մասնավոր մի շարք ոլորտներում սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր։
Պետությունը մի քանի մեխանիզմներ է ընդունել, ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագիտացված գիտական կարողությունների եւ տեղական հնարավորությունների զարգացումը, պետական պաշտոնյաների վերապատրաստում՝ նրանց ներգրավելով տեղեկատվության գիտության մասնագիտացված դասընթացներում, արհեստական բանականության մշակույթի ստեղծում հասարակության տարբեր խմբերի համար՝ պարզեցնելու համար արհեստական բանականությամբ աշխատող սարքերից օգտվելը, որպեսզի հասարակության բոլոր անդամները կարողանան կիրառել այս ոլորտի նորարարությունները։
2000թ․ Էմիրություններն էլեկտրոնային փոխակերպման առաջին քայլն է կատարել, 2013թ․ մեկնարկել է «խելացի կառավարություն» նախաձեռնությունը՝ հասարակությանը տրամադրելով պարզեցված ծառայություններ։ 2014թ․ ստեղծել է ամբողջությամբ խելացի քաղաք «Սիլիկոն պարկ», 2015թ․ էմիրությունների կառավարական ամբողջ համակարգը 100$ անցում է կատարել խելացի ծառայություններին։