Ավետիք Վարդանյան. Եվրոպայի առաջնությունից սպասեք լավ արդյունքների
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը խոսել է առաջիկա Եվրոպայի առաջնությունից սպասելիքների և թիմի առաջատար մարզիկների վնասվածքների մասին:
«Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 9 ըմբիշով: Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանն այս տարի նույնպես կարող էին հանդես գալ, սակայն չեն մասնակցում վնասվածքների պատճառով, ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- մարզչի խոսքը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավետիք Վարդանյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու 92 կգ քաշային կարգում.
«Կա մրցակցության բացակայություն: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել պատանեկան հավաքականից Լյովա Գևորգյանը, որը կմասնակցի պատանիների Եվրոպայի առաջնությանը»:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանը կհասցնեն վերականգնվել մինչև երիտասարդների աշխարհի առաջնությունը.
«Ըստ իս, մինչև երիտասարդների աշխարհի առաջնությունը նրանք կհասցնեն պատրաստ լինեն: Եվրոպայի առաջնությունից հետո ֆեդերացիայով և մարզչական խորհրդով կքննարկենք նրանց վերաբերող բոլոր հարցերը: Այս պահին նրանք գտնվում են երիտասարդների տարիքային խմբում: Ինչ վերաբերում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, ապա կարող եմ ասել, որ երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո ըմբիշները 35-40 օր կունենան վերականգնվելու համար և, իմ կարծիքով, պատրաստ կլինեն մեծահասակների աշխարհի առաջնությանը»:
Ավետիք Վարդանյանն ընդգծել է, որ թիմը հաջող է անցել նախապատրաստական փուլը.
«Ըմբիշները լավ մարզավիճակում են: Ուրբաթը վերջին ծանրաբեռնված օրն է, կլինեն ստուգողական գոտեմարտեր: Սպասեք լավ արդյունքների»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և Աշոտ Ռուշանյանը (125 կգ) ։ Թիմը մրցավայր կմեկնի հունիսի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա