Գևորգ Դանիելյան. Կգա պատեհ պահը, վայրկյան անգամ չեմ հապաղի
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանն անդրադարձել է այն պատգամավորների հայտարարություններին, որոնք իրենց պարտքն են համարում բարձրաձայնել դատական շխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների մասին։
«Խորհրդի անդամների, այդ թվում՝ իմ հրաժարականը կլինի պատասխանատու գործը ձախողելու ամենադյուրին ճանապարհը: Ինքս պետական գործիչ եմ և երբեք իմ անձնական ամբիցիաները վեր չեմ դասի հանրային շահից. կգա պատեհ պահը, վայրկյան անգամ չեմ հապաղի:
Իսկ այս փուլում, երբ Խորհրդում հարկ է լինում ամենօրյա ռեժինով լուծելու խիստ կարևոր ու օպերատիվ բազում խնդիրներ, որոնք Հիմնական օրենքով վերապահված են բացառապես Խորհրդին, մեզանից որևէ մեկն իրեն չի կարող թույլ տալ տրվելու զգացմունքային որոշումների: Հանրությունը, բնականաբար, տեղյակ չէ այդպիսի խնդիրներից, դրանց մասին մենք էլ հաճախ չենք բարձրաձայնել, սակայն դա բնավ չի նշանակում, որ այդպիսիք դադարել են գոյություն ունենալուց:
Նկատեմ նաև, որ կողմնակից կլինեմ բարեփոխումների ցանկացած տարբերակի, միայն թե այն չվերածվի գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության անկախության երաշխավորման գործառույթների յուրացմանը:
Ընդհանրապես, իշխանության ճյուղերի հակակշռման սկզբունքը, հատկապես, երբ խոսքը դատական իշխանության մասին է, անվերապահորեն բացառում է միմյանցից հրաժարականներ պահանջելու, հաշվետվություններ ակնկալելու հռետորաբանությունը: Վերջին հաշվով, գոյություն ունեն դատական իշխանության անկախության երաշխավորման միջազգային չափանիշներ, որոնց պարտավոր ենք անվերապահորեն հետևել:
Հիշյալ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անվերապահորեն ողջունելի է համարում դատական համակարգն արմատապես բարելավելուն միտված Հանրապետության վարչապետի նախաձեռնությունը և հնարավորինս ամեն ինչ անելու է այն կյանքի կոչելու համար:
Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը հարկ է քննարկել առավել լայն ու համարժեք ասպեկտներով, ինչին մենք կանդրադառնանք արդեն իսկ նշանակված նիստում:
Առաջիկայում հարկ եղած դեպքում առավել հանգամանորեն կանդրադառնամ հիշյալ խնդիրներին՝ ակնկալելով նաև խորհրդարանի բացառապես իրավաչափ աջակցությունը»,-գրել է Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյանը դիմել է ԱԺ
- Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը. ԲԴԽ-ն գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը
- ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է Գևորգ Դանիելյանին
- Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին