Փաստաբան. Երևի թե դատախազության պլաններով գործը չի գնացել
«Սահմանադրական դատարանի հայտարարությունից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի այս քայլը շատ տրամաբանական է, որևէ խնդիր չկա»,- yerevan.today-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մամուլում հրապրակաված այն լուրերին, որ դատավորը Սահմանադրական դատարանից վերցրել է «Մարտի մեկի» գործի նյութերը ՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։
«Ինչքան էլ մենք գտնենք, որ այդ հարցերը վերաքննիչ բողոքարկման ենթական չեն, ամեն դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող դրան պատասխան տա՝ ենթական են թե ոչ, քանի դեռ դա որևէ դատավորի չի մակագրվել, տեխնիկական խնդիրներ են մանր, որևէ արտառոց բան չկա:
Առաջին ատյանի դատարանը կասեցրել է գործը, ուղարկել է սահմանադրական դատարան, դատախազությունը կասեցման դեմ բողոք է բերել, ու խնդրել դատարանին ինչ որ անհասկանալի պահանջով հաստատել սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայություն։ Ստեղծագործական մոտեցում են ցույց տվել։ Վերաքննիչ դատարանը, իհարկե, չի կարող նման բան հաստատել, չկա նման իրավակարգավորում, միայն սահմանադրական դատարանը կարող է գնահատել՝ հիմնավո՞ր են դիմել, թե՞ անհիմն: Բայց հիմա եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ վերաքննիչ դատարանը որոշեց, որ վարույթը պետք է չկասեցվի, դա դեռ չի նշանակում, որ գործը սահմանադրական դատարանից հետ պետք է գա։ Հիմա դատարանն ի՞նչ պետք է անի․ վարույթը վերսկսի, բայց գործը չքննի, քանի որ ՍԴ-ից արդյունք չկա»,-ասել է նա:
Փաստաբանի խոսքով, գործը չի կարող քննվել, քանի դեռ սահմանադրական դատարանի որևէ որոշում չկա, իսկ դատախազության գործողությունները, նրա որակմամբ, անիմաստ սկզբունքայնության հետևանքն են, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում մեր իրավական համակարգի համար:
«Երբ որ դատավորը խափանման միջոց է կիրառել, խոսքը անձնական երաշխավորության մասին է, իրականում պարոն Քոչարյանի իրավունքների խախտում է թույլ տվել, որովհտեև ինքը արձանագրել է, որ կասկած ունի այդ նորմի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, այդ նորմը կիրառելով՝ խափանման միջոց է ընտրել։ Պետք է ընդհանրապես խափանման միջոց չընտրվեր։ Այս դեպքում մեր վստահորդի իրավունքներն են խախտվել, բայց չգիտես ինչու՝ աղմկում են մյուսները:
Եթե այս մասով բողոքարկվում է խափանման միջոցի հարցը, երբ գործը սահմանադրական դատարանում է, վերաքննիչ դատարանը չի կարող խափանման միջոց փոխել, չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը հանգեցնելու է կալանավորման, քանի որ այն նորմերը, որոնցով պետք է դա անի, հիմա քննարկվում է ՍԴ-ում:
Բովանդակային իրավաբանությունը հիմա կատարվում է ՍԴ-ում, մնացած բոլոր գործողություններն ուղղակի իրավական քաոս առաջացնելու նպատակ են հետապնդում: Երևի թե դատախազության պլաններով գործը չի գնացել, հիմա ցայտնոտային վիճակով անիմաստ պահանջներ ներկայացնելով, բողոքարկումների շարք են սկսել։ Բայց դրա մասին 6-7 ամիս առաջ պետք է մտածեին, երբ որ այս հարցերի մասին մենք զգուշացնում էինք»,-ասել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների հայտարարության մասին
- Վահե Գրիգորյան. ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունը չի տվել հիմնական հարցի պատասխանը
- Վճռաբեկ դատարանը ՍԴ-ին մեղադրում է գործառույթների տարանջատման սկզբունքը վտանգելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա