Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված. Փաշինյան
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ.
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի Տիգրան Սուրենի,
Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանք օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական գագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի առաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։
Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այս գագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնության եկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղ աշխատանքը: Ինչպես ես նշեցի իմ ելույթում, շատ կարևոր է և նաև Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայում բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետև իրապես կընդլայնի հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլոր ուղղություններով աշխատելու համար։
Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենք աշխատանքներն այս ոգով»:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը գոհ է ղազախական կողմի ընդունելությունից
- Վլադիմիր Կարապետյան. Պաշտոնական ճաշին Փաշինյանի մասնակցության չեղարկման լուրը հիվանդ երևակայության արդյունք է
- Փաշինյանը հանդիպել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
- Նազարբաևը՝ Փաշինյանին. Մենք փոխանակելու բան ունենք
- Մեկնարկել է վարչապետի այցը Ղազախստանի Հանրապետություն
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան