Վլադիմիր Կարապետյան. Պաշտոնական ճաշին Փաշինյանի մասնակցության չեղարկման լուրը հիվանդ երևակայության արդյունք է
«Նուր Սուլթանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին մասնակցության չեղարկման մասին լուրերը հիվանդ երևակայության արդյունք են, կարծում եմ, դա հորինած միտք է, պարզապես փորձ անելու, որ պաշտոնական հերքում լինի»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով պատվիրակության կազմում Ղազախստանում է։
Կարապետյանն ասաց, հերքելու հարցում չի զլանում, նախապես ծրագրած բոլոր անելիքներն իրականացրել են մեծ հաջողությամբ։
«Հենց ծրագրի բոլոր կետերը կատարելով վարչապետը գնում է առաջ՝ նախագահելով բարձրագույն խորհրդի նիստը, ապահովելով բոլոր փաստթղթերի ստորագրումն ու համաձայնությունների ձեռքբերումը, նաև հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ ու պաշտոնական ճաշին մասնակցելով։ Շատ հաջողված այց է»,-ասաց նա։
Կարապետյանի խոսքով, այս պահին վարչապետ Փաշինյանը Ղազախստանում Հայաստանի դեսպանությունում է, հանդիպում է գործարարների հետ։
«Քննարկում է տարբեր ներդրումային ծրագրերի հնարավորությունները Հայաստանում»,-ասաց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն եղավ, որ Փաշինյանը հանկարծ որոշել է կիսատ թողել այցն ու վերադառնալ Հայաստան։ Ըստ տարածված լուրերի, Նուր Սուլթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ, բացի այդ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շքանշաներ է հանձնել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, բացի Փաշինյանից։
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։
«Կրկնում եմ, բոլոր ծրագրային դրույթները այցի շրջանակում իրագործվել են»,-ասաց նա։