Գերմանացի պատգամավորներն Արցախում են
Արցախի Հանրապետության Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մի խումբ անդամների, ովքեր ներկայացնում են դաշնային և երկրամասային խորհրդարանները: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ: Հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերն՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նաև Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը:
ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն խմբի անունից երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իրենց ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս կաշխատեն Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ:
Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետև շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության և եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին:
Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում