Ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հայաստանյան բանկը հաճախորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ իրանական բեռնափոխադրողներից
Հայաստանի բանկերից մեկը իր հաճախորդներին առաջարկել է ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրումների կամ Իրանի տարածքով փոխադրումների դիմաց բանկային հաշվեհամարով փոխանցումներ կատարելուց, քանի որ հնարավոր են փոխանցման չեղարկում կամ դրամանակն միջոցների սառեցում։
Այն պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ինքն ու իր գործընկերները ավելի վաղ էին զգուշացրել, որ պատժամիջոցների հետևանքով ամենահիմնական խնդիրը կարող է առնչվել Հայաստանի բանկային համակարգին։
«Բնական է, բանկային համակարգերը որպես կանոն կապված են Միացյալ Նահանգների հետ, ըստ էության համաշխարհային բանկային ու վճարային կենտրոնների զգալի մասը գործում է ԱՄՆ տարածքում։ Այս ոլորտն է, որ խիստ ռիսկային էր Հայաստանի համար»,-ասաց նա։
Վարդան Ոսկանյանը կարծում է, խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Դրանցից մեկը հայ-իրանական բանկի ստեղծումն է օրինակ Մեղրիի ազատ տնտեսական գոտում կամ որևէ այլ տեղ։
«Հայ-իրանական բանկը գործարքներ չի ունենա կամ հնարավորին չափով քիչ գործարքներ կունենա Միացյալ Նահանգների հետ։ Այս ճանապարհով կարելի է որոշակիորեն կազմակերպել Իրանի հետ առևտրի պարագայում փոխանցումները»,-մանրամասնեց իրանագետը։
Հաջորդ տարբերակի համար Վարդան Ոսկանյանը մատնաշում է եվրոպական երկրների փորձը, երբ ԵՄ-ն փորձելով խուսափել պատժամիջոցներից ու դրա հետևանքներից՝ հատուկ մեխանիզմներ է ստեղծել։
«Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ իրավիճակին, ապա ակնհայտ է, որ ԱՄՆ ճնշումները գնալով ուժգնանում են։ Կարծում եմ, Հայաստանը թե մասնավոր, թե պետական սեկտորի մակարդակով չպետք է տուրք տա այդ ճնշումներին, քանի որ Իրանի հետ հարաբերությունները մեր պետության համար կենսական նշանակություն ունեն, այս տարածաշրջանում ապահովում են ոչ միայն մեր տնտեսական դիրքերը, այլև հիմնականում անվտանգային իրավիճակը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրականությունը, ինչի համտեքստում Հայաստանը ենթարկվում է թշնամական շրջափակման ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից»,-ներկայացրեց փորձագետը։
Նա պնդում է, Իրանի հետ հարաբերությունների ցանկացած ոլորտ պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում։
«Համապատասխան ոլորտների մասնագետները, այդ թվում բանկային ոլորտի մասնագետները, անշուշտ, իրանագետների հետ համատեղ ջանքերով պետք է զանազան սցենարների համար պատրաստեն համարժեք ծրագրեր, որպեսզի կարողանանք ապահովել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը նաև տնտեսության ոլորտում»,-հուշեց իրանագետը։
Նա ցավ է հայտնում, որ մինչ այս պահը որևէ նման նախաձեռնության մասին չի լսել, միաժամանակ չի բացառում դրանց վերաբերյալ քննարկումների առկայությունը։
«Միգուցե և կան որոշակի ներքին քննարկումներ։ Չեմ կարծում, շատ դեպքերում ընդհանրապես պետք է բարձրաձայնել, որ նման քննարկումներ կան։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Հայաստանը որպես իրեն հարգող պետություն այս ուղղությամբ առնվազն պետք է մտածի ու քայլեր ձեռնարկի միգուցե և առանց բարձրաձայնելու»,-ընդգծեց իրանագետը։