Բաղրամյան պողոտան բացվեց (լրացված)
12։50
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ցուցարաները որոշեցին բացել ճանապարհը։ Նրանք նշեցին, որ իրենց պահանջը հանդիպումն էր, իսկ այս պահին բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները հանդիպում են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, ուստի փողոցը բացում են, սակայն խորհրդարանի մոտից չեն հեռանում մինչև իրենց պատվիրակության անդամների վերադառնալը։
11։56
«Ոչ մենաշնորհին», «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Մեկ հոգու շահերի համար 1500 մարդու գործազուրկ մի դարձրեք» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները։
Նրանք իրենց բողոքն են հայտնում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ։
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում։ Մասնավորապես, նախատեսվում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը դադարեցնել 2020 թվականի նոյեմբերից, իսկ էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կհանվեն։
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյան։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանում առցանց վիճակախաղերի համար։
«Գուդվին-ԲԵՏ» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց, որ «Գուդվին-բետ» ՍՊԸ-ի ներկայացուցչի պնդմամբ՝ նախագծի ընդունմամբ բուքմեյքերական ընկերությունները կփակվեն, իսկ առցանց հարթակում գործողները կշարունակեն աշխատել։
«Վիճակախաղերի կազմակերպման ավտոմատացված սարքավորումներ ունի միայն «Գուդվին-ԲԵՏ» ընկերությունը և օրենքի ընդունումից հետո նախատեսվում է, որ 10-օրյա ժամկետում դրանց գործունեությունը պետք է կասեցվի, ուստի մեր ընկերությունը կփակվի, իսկ բազմաթիվ մարդիկ կմնան գործազուրկ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեմ են մոլախաղերին, և եթե կառավարությունը գտնում է, որ մեր երկրում խաղատներ չպետք է լինեն, ապա թող բոլոր ընկերությունների գործունեությունը դադարեցնեն, այդ թվում՝ առցանց խաղերը։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոստիկաններն առաջարկեցին 5 հոգանոց խումբ կազմել և հանդիպել ԱԺ պատգամավորների, այդ թվում նախագծի հեղինակների հետ։ Սակայն վերջիններս նշեցին, որ իրենք չեն ցանկանում հանդիպել Ալեն Սիմոնյանի հետ։
Այդուհանդերձ մի քանի հոգի գնացին Ազգային ժողով։
Ոստիկաները շարունակում են ցուցարարներին հորդորել բացել Բաղրամյան պողոտան, սակայն նրանք հրաժարվում են՝ նշելով, որ չեն պատրաստվում բացել, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:
Նշենք, որ մի պահ բախում եղավ նաև ոստիկանների և ցուցարարների միջև։ Ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին հորդորեցին բախումների չգնալ, համբերությամբ սպասել մինչև Աժ-ից վերադառնան ակցիայի մասնակից պատվիրակները։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
- Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան