Արագածավանի բնակիչները բացել են երկաթգիծը, փակ են պահում ճանապարհը
Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչները քիչ առաջ բացել են Երևան-Գյումրի երկաթգիծը, սակայն դեռ փակ են պահում ճանապարհները։ Panorama.am-ին գյուղից հեռախոսով ստացած նորությունը փոխանցեց Երևան եկած գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։
Գյուղացիները փակել էին ու գիշերվա ընթացքում էլ փակ են պահել գյուղով անցնող Արմավիր-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը։ Նրանք պահանջում էին հանդիպում Ջրային կոմիտեի ղեկավարության հետ։ Դժգոհող գյուղացիները պահանջում են ոռոգման ջրի սակագնի իջեցում, քանի որ որոշ հատվածներում մեկ հա-ի ոռոգման համար վճարը կազմում էր մինչև 60 հազար դրամ։
Գյուղացիների ակցիայի հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել էն ճանապարհին, բեռներով լցված մեքենաների վարորդներն էլ դժգոհում են, եղած մթերքն ու այլ ապրանքներ փչանում է։
Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանն ասաց, եկել են մայրաքաղաք, քիչ առաջ հանդիպել են Ջրպետկոմի ղեկավարության, տարածքային կառավարման փոխնախարարի հետ։
«Շատ լավ լուրերով գյուղ ենք գնում, գերնորմատիվային ջուրը ժողովրդի վրա չի գրվելու։ Հիմա առվույտի համար առանձին գին կլինի, բանջարաբոստանային կուլտուրաների համար ուրիշ գին, ամեն մշակաբույսի համար կվճարեն իրենց ջրի պահանջարկի չափով։ Կարծում եմ, գյուղացիներին դա կբավարարի»,-ասաց նա։