Ոստիկանությունը ճշտում է Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի հանգամանքները
Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ իրավապահ մարմնի, միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։
Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն.
«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։
Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք»կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։
Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան