«Պատիվ ունեմ»-ի գրավչությունը բարձրացնում ենք, պայմանները՝ խստացնում. Գաբրիել Բալայան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, «Պատիվ ունեմ» ծրագրից. «Ինչու՞ է ծրագիրը երեքից իջեցվում երկու տարի»։
Բալայանը պատասխանեց. «Մեր հետազոտությունները, նաև համակարգում ներգրավվածությունը ցույց են տալիս, որ այն կառուցակարգերը, որոնցով առաջնորդվում ենք, հղկման կարիք ունեն։ Գրավչությունը բարձրացնում ենք, բայց խստացնում ենք պայմանները, օրենքի ընդունումից հետո փոփոխություններ կկատարվեն ենթաօրենսդրական ակտերում»,-ասաց Բալայանը։
Նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց տարկետման իրավունքից. «Կառավարության 451 որոշման համաձայն՝ ասպիրանտներին ու մագիստրոսներին տարկետման իրավունք է տրվում։ Բայց մի քանի տարի անց որոշումը ուժը կորցնելու է, քանի որ բակալավրիատից տարկետում չեն ստանում։ Կրթության շարունակականության խնդրի մասին միշտ խոսել ենք, որը, կարծում եմ, «Պատիվ ունեմ»-ով էլ չի լուծվում։ Ինչպե՞ս պետք է վարվել, որ կրթության շարունակականությունը չտուժի»։
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցում, ցավոք, դեռ առաջընթաց չունեն. «Հույս ունենք, որ «Պատիվ ունեմ»-ը ավելի գրավիչ սարքելով՝ կկարողանանք այդ շարունակականությունը բակալավրիատի մասով ապահովել»։