Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի
Մշակույթի նախարարությունում այսօր կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարյանը։
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գրավոր բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է, բանավորն էլ լավ է անցել։
«Ինչքան հասկացա՝ դեմ չկար»,- նշեց Ա. Նավասարդյանը։
Մրցույթին որպես տնօրենի թեկնածու միայն ինքն է մասնակցել։ Եղել է ևս մեկ թեկնածու, սակայն, Ա. Նավասարդյանի տվյալներով, ինքնաբացարկ էր հայտնել։
«Շարունակելու եմ աշխատանքն ավելի ու ավելի եռանդով»,- ասաց թատրոնի տնօրենը։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հարակից հրապարակումներ`
- Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին
- Մրցույթ՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
- Համազգային թատրոնն առաջիկա օրերին կունենա գեղարվեստական ղեկավար
- Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան