Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի՝ վանդալիզմի ենթարկված արձանները կվերականգնվեն
Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման համար կառավարության պահուստային ֆոնդից 9 մլն 144.8 հազար դրամ կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ասաց, որ Կոտայքի մարզում գտնվող երկու հուշարձաններն այսօր գտնվում են աղետալի վիճակում։
«Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի, այսինքն, մշակութային վանդալիզմի»,-ընդգծեց նա։
Նաև նշեց, որ տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են, վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:
Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ արձանների վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կազմել գիտանախագծային և նախահաշվարկային փաստաթղթեր։ Ըստ նրա՝ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ, սակայն ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, իսկ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը չունի կարգավիճակ: Երկու արձաններն էլ հանդիսանում են պետական սեփականություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր և սկզբունքային համարեց այս հուշարձանների վերականգնումը: Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը ՀՀ-ում։
«Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ ճանապարհով և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է, և մենք պետք է անպայման վերականգնենք: Այս նախագծերի շրջանակներում պետք է նաև նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակակետ լինի»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մեկ անգամ Բեջանյանի հեղինակած արձանը մեկ անգամ վերականգնվել է, բայց հետո շատ արագ թալանվել բոլորի աչքի առաջ։
Նա նաև նշեց, որ «Ճանապարհաշինարարներին» արձանը այն ստեղծագործություններից է, որը զբոսաշրջիկներին կհետաքրքրի։
Վարչապետը հանձնարարեց հուշարձանների վերականգնումն իրականացնել արագ և որակով։
Հարակից հրապարակումներ`
- Պոկվել է «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի արդեն խարխլված հատվածը
- Կերան «Հավերժության ժապավենը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա