Եթե գիտի պարոն Մարուքյանը, ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք. Հովհաննիսյան
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԱԺ ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին խորհուրդ տվեց զերծ մնալ համալսարանների հետ կապված գրառումներ անելուց։
«Երևանի պետական համալսարանում տեղի է ունենալու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններ, և այս առումով մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, բայց որ այդ տեղեկությունները տարածում է մեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը՝ ինձ համար բավականին զարմանալի է։ Չնայած պետք է անկեղծ լինեմ՝ զարմանալի չէ, քանի որ հավանական թեկնածուներից մեկի հետ որքան գիտեմ ընկերական հարաբերություններ ունի»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ մի ամիս առաջ Ագրարային համալսարանի հետ կապված հայտարարություն արվեց, որը, նրա խոսքով, ընդհանրապես չէր համապատասխանում իրականությանը։
«Մենք այսպես անտեսեցինք այդ հարցը, թողեցինք գնաց, բայց այսօր արդեն որերորդ գրառումն է անում, թե արդեն իշխանությունների թեկնածուն պարզ է, ով է ընտվելու և այլ, դե եթե պարզ է, էլ ինչի ենք խորհրդի նիստ անում։ Եթե գիտի պարոն Մարուքյանը, թե ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք։ Այդ կարգի գրառումներն ազդում են խորհրդի այլ անդամների վրա։ Կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն, խորհուրդ կտամ բոլորին այս հարցում բոլոր տեսակի գրառումներից զերծ մնալ՝ հատկապես համալսարանների հետ կապված քաղաքական կոնտեքսում։ Դրանով դուք չեք նպաստում համալսարաններում մշակույթի զարգացմանը և լավ կրթական միջավայր ստեղծելուն, այլ հակառակը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թող խոսեն, բայց հետազոտությունների վրա հիմնված փաստերով։