Մինսկի խումբ. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ները ընդունել են հանդիպելու առաջարկը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել, ամփոփելով մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները։
ԵԱՀԿ պաշտոնոկան կայքի հաղորդմամբ, հայտարարության մեջ համանախագահները նշում են. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ մայիսի 27-ին Երևանում համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև մայիս 30-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հումանիտար հարցերի շուրջ զեկույց»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ մանրամասներ են ներկայացրել այցից և նշել դրա նպատակների մասին. «Այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում և պետական սահմանին ներկա իրավիճակը, ինչպես նաև շարունակել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև մարտի 29-ին Վիեննայում, այնուհետ ԱԳ նախարարների միջև ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած քննարկումները։ Կողմերի խնդրանքով համանախագահները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ կարգավորման գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում հումանիտար և անվտանգային միջոցառումների հետ կապված։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են համանախագահների առաջարկը Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել մոտ ապագայում, ինչի մասին կտեղեկացնեն ժամանակին»։
Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնում վերջին կորուստների առնչությամբ և կոչ են անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն հետագա լարվածությունից խուսափելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի իշխանությունների հետ
- Տոնոյանը մտահոգություններն է հայտնել Անջեյ Կասպրշիկին
- Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
- ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան