Հայկական շոկոլադի արտանահումն աճել է 34%-ով, գինիները՝ 11%-ով
2019 թվականի առաջին եռամսյակում անկումից հետո ապրիլին արտահանումն աճել է 9,9%-ով։ Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ հնարավոր է որոշ ճշտումների արդյունքում արտահանման ցուցանիշը փոքր-ինչ ավելանա։
«Դա սովորաբար տեղի ունեցող պրակտիկա է, երբ ավելի ուշ տվյալներն ամփոփում են։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ արտահանումը ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնիսկ 14,7%-ով է աճել, ոչ թե 9.9%-ով»,- ասաց նախարարը։
Ներկայացնելով այլ տվյալներ՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալներն ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են 60%-ով, ոսկերչական արտադրանքի արտահանումն էլ այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 14 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է է 68%-ով։
Շոկոլադի արտադրանքի արտահանումն էլ 4 ամսում կազմել է 5 մլն դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 34%-ով։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գինիների արտահանումը ևս աճել է. «Դա լավ նորություն է, քանի որ այստեղ ունեինք ժամանակավոր դժվարություններ: Լավ լուրն այն է, որ երբ գինու աճը սահմանափակված է, կոնյակը, որ գինու մրցակիցն է, գուցե թույլ չի տալիս, որ այս ոլորտը Հայաստանում միանգամից արագ զարգանա: Գինիների արտահանման ոլորտում 4 ամսում ունեցել ենք 11%-ի աճ»:
Նախարարը ներկայացրեց նաև արդյունաբերական արտադրանքի արտահանման տվյալները։ Ըստ նրա՝ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, իսկ այս տարվա չորս ամիսներին 2018թ-ի հունվար-ապրիլի համեմատ աճել է 4,5%-ով։
«Լեռնահանքային արտադրանքը Թեղուտի պատճառով նախորդ տարվա հեմեմատ 15 տոկոսով քիչ է, ինչը նշանակում է, որ եթե առանձնացնում ենք լեռնահանքային ոլորտը, ապա վերամշակող արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատ աճել է ոչ թե 4,5, այլ 10 տոկոսով»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծառայությունների ծավալն էլ մեկ տարում աճել է 16,2 տոկոսով. «Այն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ: Թեև ոչ մեծ կշիռ ունեցող, բայց զբոսաշրջության հետ կապ ունեցող կեցության և հանրային սննդի ոլորտում գրանցվել է 23,5%-ի աճ առաջին եռամսյակում։ Ոչ պակաս կարևոր է, որ ֆինանսական և ապահովագրական ծառայություններն առաջին եռամսյակում աճել են 20%-ով»։
Վերջին լավ լուրն, ըստ նախարարի, այն է, որ եթե առաջին երեք ամիսներին նվազել էին կապիտալ բնույթի ապրանքների ներմուծումը, ապրիլին դրանց ներմուծումն աճել է 12,7%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Ամենաուրախալին տնտեսական ցուցանիշների մեջ՝ ըստ վարչապետի
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 7 տոկոսով