Ամենաուրախալին տնտեսական ցուցանիշների մեջ՝ ըստ վարչապետի
Պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, իսկ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 9.2%ով։ «Եթե այս ցուցանիշը՝ 9,2% աճը, համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ ենք ունենում։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշեց, որ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով։ Ըստ նրա՝ շինարարության ոլորտում էլ աճը թեև ավելի քիչ էր, քան սպասվում էր, սակայն վարչապետը համոզված է, որ այս ցուցանիշները նույնպես կլավանան։
«Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի։ Կարծում եմ, որ մենք ճիշտ քաղաքականություն ենք վարում, որ հիփոթեքային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի ու կոնկրետ ծրագրի հետ, այսինքն՝ շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց համոզված եմ, որ ակտիվությունը շինարարության ոլորտում ավելի շոշափելի կլինի»,- ընդգծեց նա։
Նշենք, որ 2019 թվականի հունվար-ապրիլին շինարարության ոլորտում աճը կազմել է 8 տոկոս, իսկ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 1.1%:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ապրիլին այն աճել է 9%-ով, ծառայությունների ծավալն էլ՝ 16,2%-ով։
«Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալին արտահանման ծավալների աճն է: Մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ, քանի որ արտահանման հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային։ Մանրամասն քննարկեցինք իրավիճակը և ուրախ եմ, որ 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա։
«Կարծում եմ՝ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա։ Հույս ունենք, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի դինամիկան կնկատվի նաև մասնավոր հատվածում։ Սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։