ՄԱԿ-ը կազմել է զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկրների վարկանիշը
ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է 2018 թվականի արդյունքների վերաբերյալ հետազոտություն, գրում է ՌԻԱ Նովոստին։
UWNTO-ի տվյալների համաձայն, 2018 թվականին աշխարհում ճանապարհորդել է 1,4 միլիարդ մարդ, ինչը 2017 թվականի համեմատ 5,6%-ով ավելի է։ Ընդ որում՝ գլոբալ տուրիստական հոսքի ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկել 20 երկրի:
Այսպիսով, ամենաայցելվող երկիրը շարունակում է մնալ Ֆրանսիան։ Ըստ աղբյուրի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով առաջատարը Ֆրանսիան է, որտեղ այցելել է 93,2 մլն մարդ, ինչը 2017 թ-ի համեմատ 7,2 տոկոսով ավելի է:
Հնգյակում հայտնվել է Իսպանիան (82,8 մլն, +1,2 տոկոս), ԱՄՆ-ը (82,2 մլն, +6,7 տոկոս), Չինաստանը (62,9 մլն, +3,6 տոկոս) և Իտալիան (62,1 մլն, +6,5 տոկոս):
Վարկանիշային աղյուսակի տասնյակում հայտնվել է Թուրքիան (45,8 մլն, +22%), Մեքսիկան (41,4 մլն), Գերմանիան (38,9 մլն), Թաիլանդը (38,3 մլն): Առաջին տասնյակի անհաջողակը Մեծ Բրիտանիան է (35,1 մլն), որը 2018 թվականին նահանջել է երեք դիրքով։
Ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունած երկրների քսանյակում ընդգրկվել է Ճապոնիան, Ավստրիան, Հունաստանը, Հոնկոնգը, Պորտուգալիան, Նիդերլանդները, Չինաստանի Մակաո քաղաքը, որտեղ 2018 թ-ին այցելել է 18,5 մլն տուրիստ։