Մել Դալուզյանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կանցկացնի ևս մի քանի օր. դեսպանատուն
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ.Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։
«Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանն Ամստերդամում դանակահարվել է, երբ երկու դիմակավորված անձ, զինված դանակով, Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Նա այդ պահին գնումներ է կատարել, և տեսնելով տեղի ունեցածը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, նա անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։