Ճանապարհը փակած աշխատակիցները մեկ ու կես ամիս ժամանակ են տվել կառավարությանը
Աշտարակ-Ուջան ճանապարհը երեկ փակած մոտ երկու տասնյակ ընկերությունների աշխատակիցներ, որոնք ներգրավված են եղել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում, իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով այսօր կառավարության շենքի դիմաց էին եկել։ Նրանք հանդիպել են ու խնդիրը ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։
Բողոքող կազմակերպությունների շահերը ներկայացնող իրավաբան Արմեն Սաքապետոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, հանդիպման ընթացքում եկել են համաձայնության, որ մեկ ու կես ամսվա ընթացքում կառավարությունը կապալառուի կողմից չվճարված կազմակերպություններին պետք է ներկայացնի խնդրի լուծման իր տարբերակներ, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի։
Քանի որ կառավարությունն ու «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունն ունեն տարաձայնություններ, ինչի մասին երեկ հայտարարեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը, կազմակերպություններն առաջարկել են իրենց հեռու պահել այդ խնդիրներից, գտնել տարբերակ, ըստ որի կառավարությունը կվճարի կապալառու իսպանական ընկերությանը, վերջին էլ ենթակապալառու տեղական ընկերություններին։
«Կազմակերպություններն առաջարկել են պահանջի իրավունքը զիջել կառավարությանը, որպեսզի այն կարողանա բանակցել նաև նրանց անունից»,-ասաց Սաքապետոյանը։
Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցել ու չի վճարվել 19 ընկերության մոտ 700 աշխատակից։ Խոսքը 2 մլրդ 49 մլն դրամ պարտքի մասին է։
Հիշեցնենք, որ փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարեց, որ կառավարության կողմից «Կորսան Կորվիամ» ընկերության բոլոր վճարումներն իրականացվել են, նախարարությունն իր պարտականությունները կատարել է։ Նա նաև ասաց, որ ընկերությունը գտնվում է սնանկացման գործընթացում։
«Մենք ասում ենք, կան կամ չկան պարտավարություններ, դրանք կառավարության ու «Կորսան» ընկերության բանակացություններին է վերաբերում։ Մենք առաջարկում ենք, որ կառավարությունը նեցուկ լինի տեղական ընկերություններին, նրանց պարտքը վճարվի կամ ծրագրային կամ բյուջետային միջոցներից, իսկ պահանջի իրավունքը զիջվի կառավարությանը։ Եթե իրենց բանակցությունների արդյունքում պարզվի, օրինակ կառավարությունն է «Կորսանին» պարտք 10 մլն, ապա կլազմակերպություններին վճարած գումարի չափով այն կնվազեցվի, իսկ եթե հակառակը պարզվի, ապա «Կորսան»-ի պարտքը նույնչափ կավելանա»,-մանրամասնեց իրավաբանը։
Նա ընդգծում է, միջազգային արբիտրաժային դատարանում կառավարության համար ավելի հեշտ է ներկայացնել պետության ու տեղական ընկերությունների շահերը, մինչդեռ ընկերությունների համար ավելի դժվար կլինի։
«Մենք ստացել ենք հավաստիացումներ, որ ինտենսիվ բանակցություններ են վարվում, և դրանց օրակարգի առաջին հարցը մեր խնդիրն է»,-ասաց Սաքապետյոնը։
Մեկ ու կես ամսվա ընթացքում չվճարված ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ չեն անի, բայց եթե տրված ժամկետի ավարտից հետո ցանակալի լուծում չլինի, ապա շարունակելու են բողոքի ակցիաները։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-Հարավի «Տրանշ-2»-ը ժամանակին շահագործման չի հանձնվի
- Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են Ավինյանի հետ հանդիպում
- Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում