Թուրք-ադրբեջանական տանդեմում՝ Նախիջևանը ռազմական ճանապարհով խնդիր լուծելու ուղի
Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7-11-ը համատեղ`«Անխախտ եղբայրություն -2019» զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Վերլուծաբան Արտյոմ Բալասանովը գրում է, որ զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական կրակոցները:
«Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման`Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի`հարձակողական զինատեսակներ, հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան`հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին`Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում`Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա`Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով`ղարաբաղյան, Տավուշ`հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Բալասանովը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել». Դավիթ Տոնոյան
- Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
- Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինուժը պատասխանել է կրակով
- Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ