Նարինե Խաչատուրյանը չբացառեց, որ կարող է գնալ գործադիր
«Մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերը, վերջնական կպատասխանեմ»,- Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում ասաց Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը)՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք գնալ խորհրդարանից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին:
Նա նշեց, որ մեկ շաբաթ ժամանակ ունի իր հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար. «Վեց օրվա ընթացքում ես սպասում եմ, տեսնեմ, թե ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում և այլն»։
Հարցին, թե խոսակցություններ կան, որ դուք նշանակվելու եք մշակույթի փոխնախարար, այսինքն նոր ձևավորվող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում համակարգելու եք մշակույթի ոլորտը, Ն. Խաչատուրյանն ասաց. «Նման խոսակցություններ կան, իհարկե, ծիծաղելի կլինեն, եթե ասեմ այդպիսի բան չկա, բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու»։
Կոնկրետ հարցի, թե նման առաջարկ եղե՞լ է, նա պատասխանեց. «Այո, խոսակցություններ եղել են»։
Ն. Խաչատուրյանը ոչ մի բան չբացառեց, որ կարող է գնալ գործադիր, կամ մնալ օրենսդիրում։
Հարցին, արդյո՞ք ճիշտ էր մշակույթի նախարարության լուծարումը, նա ասաց. «Մշակույթի նախարարությունն իրականում չի լուծարվել, միաձուլվել է այլ նախարարության հետ՝ պահպանելով իր բոլոր գործառույթները։ Մշակույթը երբեք չի կարող տուժել դրանից։ Եթե կար առանձին նախարարություն, չեմ կարծում, որ բոլորս երջանիկ ու գոհ էինք դրանից»։