Կբացվի Սեդրակ Երկանյանի ցուցահանդեսը
Այսօր Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար Սեդրակ Երկանյանի` «Ստեղնի թաքնված գույները» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 7-ը: Մուտքն ազատ է:
Սեդրակ Երկանյանը ծնվել է 1954 թվականին Գյումրիում: Սովորել է Գյումրու երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (1978 թ.) և դիրիժոր-խմբավար (1992 թ.)։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000 թթ.)։ Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992 թ.), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993-1994 թթ.), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004-2005 թթ.) հետ։ 1994 թվականից Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է: Սեդրակ Երկանյանն Անդրկովկասյան մրցույթի (1977 թ.) և Համամիութենական փառատոնի (1978 թ.) դափնեկիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան