«Հրապարակ». Քաղաքապետարանը տուգանքներով փորձում է «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը, որը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել աղբահանության և սանմաքրման ասպարեզից ու այդ նպատակով 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել, որ համայնքային կառավարման հիմնարկի միջոցով իրականացնի աղբահանությունը, այժմ հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինն» է որոշել գանձել «Սանիթեքից»։ Մոտավորապես այսպիսի մեխանիզմ է գործում․ քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում են այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, և «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է։ Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախորդ անգամները տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ, հաջորդը, հավանաբար, ավելի մեծ թիվ կլինի։
Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այս տուգանքներով փորձում են «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը։ Իսկ «Սանիթեքը» վերջին տարիներին հարյուրավոր նամակներ է գրել քաղաքապետարանին՝ հիմնավորելով, որ անհրաժեշտ է գոնե 10 տոկոսով բարձրացնել աղբահանության գումարը, քանի որ իրենց պայմանագիրը կնքելու պահից հետո մեծապես աճել է աղբի քանակը, իսկ իրենց տրամադրվող գումարները մնացել են նույնը, ինչը պայմանագրի պայմանների խախտում է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան