Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար:
Երեխաներն իրենց տոնական օրը կարող են անցկացնել Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում: Միջոցառումները սկսվեն ժամը 12:00-ին, որին կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ:
Մասնավորապես, Ազգային ժողովի այգում նախատեսվում է նաև «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթը, ինչպես նաև տեղի կունենա արտադպրոցական կենտրոնների տոնավաճառ, զիփլայն, ավտոմոդելավորման ցուցադրություն, հանրային քննարկում երեխաների խնդիրների շուրջ, հեքիաթների ընթերցում, իսկ 18:30-21:00-ն կարող են ուրախանալ դիսկոտեկում:
Նշենք, որ տոնական միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից:
Բաղրամյան պողոտայում էլ օրվա մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի մասնակցությամբ: Այնուհետև տեղի կունենան խոհարարական, հրուշակեղենի, լեգոյի և ռոբոտաշինության, խեցեգործության վարպետաց դասեր:
Մինչև ժամը 18:00-ն պողոտայում փոքրիկները կավճանկարչությամբ կզբաղվեն, կգործի նաև լուսանկարման տաղավար, մանկական վերնիսաժ, երաժշտական հարթակ, կանցկացվեն վոլեյբոլի, ֆուտբոլի, բակային խաղեր:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ ժամը 13:00-ին տեղի կունենա «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառումը: Այն նվիրված է Վարդապետի և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառումը ներկայացնում է «Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնը, ելույթներով հանդես կգան կենտրոնի սաները:
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ ժամը 12:00-ին տեղի կունենա «Նոր Երևան» զբոսահամալիրի պաշտոնական բացման արարողությանը: Զբոսայգին գտնվում է Սարյան-Մաշտոց հատվածում:
Դրան կհաջորդեն տոնական միջոցառումներ՝ երաժշտական համարներ, ֆլեշմոբեր, հեծանվային տուրնիր և այլն: 18:00-ին կմեկնարկի տոնական համերգը՝ հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Երևանի կենդանաբանական այգին էլ բոլոր փոքրիկներին հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ էլ հունիսի 1-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում կմասնակցեն տոնական միջոցառումների:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան