#SutNikol գրությունների համար ոստիկանության տարբեր բաժիններ քաղաքացիներ են տարվել
«Ադեկվադ»-ի աջակիցներն այսօր առավոտից ակցիա են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանք փողոցներում աֆլատին գրում են #SutNikol, նաև նման գրություններ փակցնում տարբեր տեղեր։
Ակցիայի մասնակից մոտ 30 մարդ տարվել է ոստիկանություն։
«Այս պահին բերման է ենթարկվել արդեն 29 մասնակից։ Ակցիային մասնակցել է ավելի քան 80 ակտիվիստ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ»-ը։
ՀԿ հիմնադիրները հայտարարել են, որ ակցիան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան առթիվ է։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այսօրվա ընթացքում ոստիկանության՝ Երևան քաղաքի տարբեր բաժիներ են բերվել 14 քաղաքացի։
«Նրանցից երկուսի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, 4 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ նույն օրենսգրքի 140 հոդվածով»,-ասացին ոստիկանությունից։
Ոստիկանության բաժիններ բերված մյուս 8 քաղաքացիների մոտ անձը հաստատող փասաթղթեր չեն եղել, բոլորն էլ ազատ են արձակվել։ Ոստիկանությունում առայժմ տվյալներ չունեն, թե մարզերում քանի՞ մարդ է բաժիններ տարվել։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140 հոդվածը սահմանում է.
«Ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհածածկը աղբոտելու, երթևեկելի մասում առևտրային գործունեություն իրականացնելու, շինարարական տեխնիկան և նյութերը երթևեկելի մասում թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Առանց համապատասխան թույլտվության և իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով»։