Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սուտ մատնության համար կդիմի ՀՔԾ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, թե իր՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։
Ապօրինի հարստացման հնարավոր չափն, ըստ նրա, 7 մլն դրամ է։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բանկից վերցրած քաղվածքը, ըստ որի, բանկում իր անունով բացվել է 16 հազար դոլար գումարով վարկային գիծ՝ 2018 թվականի հունիսի 8-ին, որն էլ կանխիկացվել է:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը դրանով փորձել է վերջ դնել այն խոսակցություններին, որ որևէ մեկը կարող է իրեն ինչ-որ բան նվիրի, կամ իր փոխարեն գնի:
«Եթե կա մեկը, ով նման պնդում է անում, ես կարող եմ բանկի տեղն իրենց ցույց տալ, որ գնան այդ վճարումներն անեն։ Իմ հրապարակման նպատակը նաև եղել է այդ մարդկանց բերանները փակելը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես քաղաքականորեն ակտիվ գործունեություն եմ ծավալում, և դա շատ մարդկանց նյարդայնացնում է։ Ամեն հնարավոր բաները հորինում են, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք ամոթ է, որ ես բարձրաձայնեմ։ Իմ մասին լկտի, չափ ու սահման չունեցող հայտարարությունն են անում, բայց ես այդ ամեն ինչը հերթով փուչիկի պես տրաքացրել եմ ու տրաքացնելու եմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ սա «թամբալ և ոչ կոմպոտենտ» մարդկանց աշխատանքի հետևանք է. «Ես նրանց սպասում եմ, որ ներողություն կխնդրեն և հրապարակային կհերքեն: Իոսննիսյանն ասում էր, որ գտել են, թե ապօրինի հարստացել եմ և թող դրանով ՀՔԾ-ն զբաղվի: Հետաքրքիր է՝ դիմե՞լ է ՀՔԾ, քանի որ խոսք էր տվել, որ եթե մինչև երկուշաբթի լուրի հիման վրա գործ չհարուցվի, ապա կդիմի ՀՔԾ»:
Ալեն Սիմոնյանը միաժամանակ ասաց, որ իր ներկայացրած տեղեկանքն ապացուցում է գումարի ծագումնաբանությունը. «Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական նպատակ, տեսնում եմ անգրագիտություն, տեսնում եմ միտում և չեմ ողջունում դա որևիցե ձևով: Ես սպասում եմ հերքմանը, ժամանակ եմ տվել: Այսինքն՝ Հայաստանում այլ թեմա չկա՞ր, պետք է 2018 թվականին հանրապետականով լի պառլամենտում Ալեն Սիմոնյանին կաշառք տայի՞ն։ Ինքը լուրջ գործի՞չ է համարվում դաշտում։ Այսուհետ ինձ համար Դանիել Իոաննիսյանն ու իր գործունեությունն անլուրջ են, քանի որ արդեն որերորդ անգամ է ինքը պնդում է անում, որը չի հաստատվում, կարող եք նայել իր անցած ճանապարհն ու իր պատմությունները։ Ինչո՞վ է հայտնի Դանիել Իոաննիսյանը, Ընտրական օրենսգրքի՝ այստեղ թերի ներկայացնելո՞վ, որը ես այստեղ փորձում էի պաշտպանել, և դպրոցների տնօրենների հեռախոսազանգո՞վ։ Ուրիշ ինչո՞վ է հայտնի»:
Նա չբացառեց, որ սուտ մատնության համար կդիմի ՀՔԾ, Դատախազություն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի:
Նշենք, որ Դ.Իոաննիսյանը արձագանքելով Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նշել էր. «Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար:
Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու»:
Ավելի ուշ, Իոաննիսյանն անդրադառնալով Ընտրական օրենսգիրքը թերի ներկայացնելու մասին պատգամավորի հայտարարությանը, գրել է. «Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով»:
1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:
2. Թեև ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:
3. Ընտրական օրենսգրքի մշակումը ետ-հեղափոխական հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ և դեռևս չգերազանցված ներառականությամբ:
Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան