ԿԲ նախագահ. Հիփոթեքային վարկավորման շուկայում բավականին բարվոք վիճակ է
«Դեպի Հայաստան դրամական ներհոսքը գնալով ավելանում է, իսկ արտահոսքի մասով էլ մենք բավականին ուշադիր ենք։ Որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, դա չի նշանակում, որ որևէ տևական, խոշորածավալ արտահոսք կա երկրից, այդպիսի երևույթներ գոյություն չունեն:
«Ներհոսքը տարբեր գործոնների հաշվին է աճել: Նախ աճել է մաքսային սահմանների վերացումով, Հայաստանի և ԵԱՏՄ չորս երկրի միջև սահման գոյություն չունի։ Աճի տեմպը կապված է նաև վերականգնման հետ այն ծավալի, որ ունեցել ենք նախկինում, որի վրա ազդեցություն ունեցավ 2014 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը»,-ասաց Ա. Ջավադյանը:
Նա նշեց, որևէ գումարներ որևէ ուղղություններով չի գնում, դա անհնար է։
«Մենք ունենք բավական լուրջ հսկող մեխանիզմներ: Նախորդ տարի Հայաստանում արվել է գնահատական փողերի լվացման և տեռորիզմի ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների ուղղությամբ: Համաձայն այդ գնահատականի, որը հրապարակված է, մենք բավականին բարձր մակարդակի վրա ենք գտնվում»,- ասաց ԿԲ նախագահը։
Խոսելով հիփոթեքային վարկավորման շուկայի մասին, Ա. Ջավադյանը նշեց, որ բավականին բարվոք վիճակ է, ապրիլին նախորդի ապրիլի համեմատ 28 տոկոս աճ է արձանագրել։
«Մի քանի ծրագիր է գործարկվել այս տարի, սպասում ենք ևս մի քանի ծրագրերի։ Մենք լրջորեն աճ ենք տեսնում։ Ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին մենք ունենք աճ հիփոթեքային շուկայում, հուժկու աճ ունեցանք այս տարի»,- ասաց ԿԲ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում