Սահմանադրագետ. Դատական համակարգի առողջացման ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով
«Այսօր մենք գտնվում ենք խորը սահմանադրականության ճգնաժամի մեջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Նա ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության, այսինքն գործող Սահմանադրությունն, ըստ էության, չի համապատասխանում իրական Սահմանադրության չափանիշներին և որն էլ իր հերթին բխեցնում է մնացած ավելի ցածր մակարդակի հակամարտությունները։
«Արդյունքում այս ճգանաժամի հետևանքով մեր պետություն-հասարակություն ոլորտում ունենք քաղցկեղային ուռուցք, մեր առջև խնդիր ենք դրել բուժելու այդ քաղցկեղածին ուռուցքն ի դեմս դատական համակարգի։ Որո՞նք ենք այս ուռուցքը բուժելու առումով մոտեցումները, դիմե՞լ պրոֆեսիոնալ բժիշկներին, որպեսզի հետազոտեն, ուսումնասիրեն հիվանդությունը, միջոցներ ձեռնարկեն, թե՞ դիմենք կիսագրագետ հեքիմներին՝ հեքիմական միջամտության գործադրելու համար։ Հասարակության լայն շրջանակները միանշանակ ընտրելու են հեքիմական բուժումը, հեքիմներն էլ իրենց հերթին գործի են դնելու կեղծ գիտությունը։ Արդյունքում մենք ունենալու ենք մի պարփակված շրջափուլ, որից երբեք դուրս չենք գալու»,- ասաց նա։
Վ. Այվազյանի խոսքով, նույնը կարելի է ասել նաև անցումային արդարադատության և վեթթինգի երևույթի մասին. «Ենթադրենք ստեղծեցինք պետական մարմին, որը դատավորներին պետք է իրականացնի վեթթինգ, ո՞վ պետք է այդ վեթթինգ իրականացնողների գործողությունների օրինականությունը և իրավական լինելը ստուգի։ Ունենում ենք դարձյալ մի փակ շրջափուլ, որտեղ գործում է հավի ու ձվի հանրահայտ պատմությունը, որն է ավելի շուտ առաջացել, որն է մյուսից բխում»։
Նա ընդգծեց, որ սահմանադրաիրավական կարգավորումը, դատական համակարգը բազմապատկման աղյուսակի ճշմարտության նման երևույթներ են, այդ բազմապատկման աղյուսակի դրվածքից շեղվելու ցանկացած մանիպուլյացիա որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու։
«Մենք պետք է մեկ ուղենիշ ունենանք մեր աչքի առջև. այն է՝ ապահովել ցանկացած պարագայում օրենքի գերակայնությունը, մասնավորապես իրավունքի գերակայությունը։ Ցանկացած գործընթաց չի կարող դուրս լինել իրավական, հատկապես սահմանադրաիրավական կարգավորման շրջանակներից։ Եթե այդ գործընթաց դուրս մնաց, մենք ունենալու ենք բացասական խիստ հետևանքներ, որոնց պտուղները կարելի է ասել արդեն իսկ քաղում ենք»,- ասաց Վ. Այվազյանը։
Նա նշեց, որ եթե դատական համակարգի բարեփոխումներն ընթացան հեքիմային մոտեցմամբ ու գործիքակազմով, առաջին հերթին պետության արտաքին վարկանիշն է տուժելու, իսկ դրա արդյունքն այսօր կարելի է տեսնել։
«Շատ ու շատ պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, դատավարական պրոցես, շատ պետություններ տալիս են որակումներ՝ քաղաքական բանտարկյալ, մեր բարձրաստիճան պաշտոնյաներին տալիս են քաղաքական ապաստաններ, նրանց ներկայացում են որպես հալածյալներ, հետապնդվածներ։ Սա արդյունք է անգրագետ մոտեցման, անգրագետ վիրաբուժական միջամտության։ Եթե շարունակվի գործընթացն այս նույն ոչ գրագետ հունով, ապա մենք պետք է միայն ինքներս մեզ քննադատել»,- ասաց սահմանադրագետը։
Դատական համակարգը բուժելու համար, նրա խոսքով, որևէ գործողություն չպետք է դուրս լինի սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից։
«Այս տեսակետից և անցումային արդարադատությունը, և վեթթինգը մեր գործող իրավակարգավորումների շրջանակներում չեն կարող կենսունակ լինել»,- ասաց նա։
Վ. Այվազյանը նշեց, որ դատական համակարգի առողջացման ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով, որպեսզի դատական համակարգը կոլապսի առջև չկանգնի։
Նրա կարծիքով, պետք է ԱԺ մեծամասնությունը փոխի Սահմանադրության երկու անցումային դրույթ՝ 213-րդ և 215-րդ հոդվածները, փոփոխման համար հանրաքվեի պահանջ չկա, կատարում է ԱԺ։
«Իմաստը հետևյալն է. իրավակարագավումը, որ դատական համակարգի, նաև Սահմանադրական դատարանի այն բոլոր դատավորները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի Սահմանադրության ուժի մտնելը, նրանք ոչ թե պետք է պաշտոնավարեն նախկին Սահմանադրությամբ, ինչպես այսօր է, այլ բոլորը պետք է վերնշանակման գործընթաց անցնեն գործող Սահմանադրության և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներով։ Սա հնարավարություն կտա նույն դատավորներին նորից պայքարել իրենց պաշտոնի համար և համապատասխան իրավասու մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը հանրության լայն շրջանակների հսկողության ներքո, պետական մյուս մարմինների աջակցությամբ կարող է իրականացնել վեթթինգային գործընթաց»,- մանրամասնեց սահմանադրագետը։
Նա նշեց, որ Սահմանադրությունում այդ դրույթների փոփոխություններից, դրա հիման վրա Դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու արդունքում հնարավոր կլինի սահուն և սրընթաց իրականացնել դատական համակարգի առողջացման ծրագիրը։ Վ. Այվազյանն անհրաժեշտ է համարում դատական իշխանության վստահության չափանիշային համակարգի մշակումը։
Ինչ վերաբերում է անցումային արդարադատության և վեթթինգի արդեն իսկ կիրառված պրակտիկային, նա նշեց, որ դրանք կիրառած երկրները չեն կարող Հայաստանի համար համարվել էտալոնային երկրներ, ոչ մեկը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ուրույն տեղն ու դերակատարությունը չունի, քաղաքակրթաստեղծ, իրավաստեղծ որևէ առաքելությամբ համաշխարահային պատմության մեջ աչքի չեն ընկել. «Բնականաբար, Հայաստանը նմանատիպ երկրներից ընդօրինակելու բան չունի, առավել ևս դրանք նրանց որևէ դրական արդյունքի չեն բերել»։
Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանն ունի սահմանադրական բարեփոխումների լուրջ անհրաժեշտություն, փորձը ցույց տվեց, որ պետական իշխանության ինստիտուտները չեն կարող կենսունակ լինել և չեն գործում իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան