2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում. Ջավադյան
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը:
«Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը։
Ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցություն ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա: Տնտեսական աճի վրա մյուս երկու տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ: Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9 տոկոսի միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,- մանրամասնեց Ջավադյանը:
ԿԲ նախագահի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝ հիմնականում պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությամբ. «Դրանից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային դանդաղման միտումները՝ եռամսյակի սկզբին ԿԲ-ն անհրաժեշտ է գտել փոքր-ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը և վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով այն 5.75 տոկոս»։
Նա նշեց, որ մարտին և ապրիլին ԿԲ-ն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ խթանման չափը գնահատելով բավարար:
«Ամեն դեպքում ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը: Մեր գնահատմամբ՝ ներկայում ցածր գնաճը նպաստում է երկարաժակետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը»,-նշեց նա: