Զոհրաբ Մնացականյանի կիպրոսյան այցից պետք է հստակ արդյունքներ ակնկալենք. Աննա Կարապետյան
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-ից 4-ն աշխատանքային այցով Կիպրոսում է, որտեղ մասնակցելու է ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցից ակնկալիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ:
«Այցի օրակարգը հրապարակված չէ, ուստի դժվար է հստակ սահմանել քննարկվող հարցերի շրջանակը: Սակայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները նպաստավոր պայմաններ են ապահովում այցի ընթացքում շոշափելի արդյունքներ ունենալու համար: Ամեն ինչ կախված է լինելու, այդ թվում՝ հայկական կողմի տրամադրվածությունից և առաջարկվող օրակարգից»,- ասաց Կարապետյանը:
Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ փորձագետն ուշադրություն հրավիրեց թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին Թուրքիայից ԱՄՆ ռազմաբազան Հունաստան տեղափոխելու շուրջ քննարկումների, խորացող թուրք-հունական հակասությունների, ինչպես նաև թուրք-կիպրական սրացման վրա, որն արձանագրվեց Կիպրոսի ափամերձ հույն-կիպրական տնտեսական տարածքում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ կատարելու մտադրության պատճառով:
«Բոլոր այս գործոններն այսօր էլ ավելի են սրել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հունաստանի ու Կիպրոսի հակասությունները, ուստի Թուրքիային հակազդելու քաղաքականությունը նրանց օրակարգում բավական արդիական հարց է՝ թե՛ տարբեր երկրների հետ երկկողմ, թե՛ միջազգային հարթակներում, բազմակողմ ձևաչափերով: Այս համատեքստում Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի շահերը բնականորեն հատվում են, և մեր խնդիրն է այդ հատման հիման վրա առաջ մղել մեր հարաբերությունները»,- նշեց Կարապետյանը:
Հաշվի առնելով այն հանգմանքը, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական միտուներ չկան, ավելին, պարբերաբար Հայաստանի սահմանների մոտ անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ (հերթական զորավարժությունները տեղի են ունենալու հունիսի 7-11-ը Նախիջևանում), «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը նշեց, որ այդ ֆոնին Հայաստանը պետք է Հայաստան-Հունաստան-Կիպրոս այս ձևաչափի ներքո իր համար խնդիր սահմանի՝ մի կողմից խորացնել համագործակցությունն իր գործընկերների հետ, մյուս կողմից՝ բալանսավորել թուրք-ադրբեջանական քաղաքականությանը:
«Մենք պետք է հանդիպմանը գնանք մեր առաջարկներով ու նախաձեռնություններով և վերադառնանք այնպիսի շոշափելի, բազմակողմ ու բազմավեկտոր պայմանավորվածություններով, որ հետագայում դրանք ներծծվեն նաև այլ օղակներ: Այդ թվում՝ կարող ենք համատեղ նախաձեռնություններ ունենալ տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում, կարող ենք պայմանավորվել անվտանգության ոլորտում համագործակցության խորացման շուրջ և այլն: Ամեն դեպքում, կարևոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը և հստակ արդյունքներ ամրագրել»,- եզրափակեց փորձագետը՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ սա նախապես պլանավորված հերթական հանդիպում է, օրակարգն ու արդյունքները պետք է համապատասխանեն առկա իրողություններին: